Մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները Գյումրիի ողբերգական դեպքի հետ կապված դժվար իրավիճակում ճիշտ որոշում կկայացնեն: Այդ մասին այսօր, հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավորության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես են ՆԱՏՕ-ի երկրներում որոշվում նմանատիպ իրավիճակների հետ կապված հարցերը, Ջեյմս Ապաթուրայն ընդգծել է. «Կարծում եմ, որ խելամիտ չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մեջ նույնատիպ դեպքեր փնտրելու փորձերը: Սակայն ես կցանկանայի երկու բան ասել. առաջին հերթին, դա սարսափելի մարդկային ողբերգություն է, երկրորդը, մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները այդ դժվար իրավիճակում ճիշտ լուծում կգտնեն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:




























