Նավթի գների նվազումը եւ ԱՄՆ-ում աճի արագացումը բավարար չեն համաշխարհային տնտեսության հեռանկարները բարելավելու համար, կարծում է  Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիսթին Լագարդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում միջազգային հարաբերությունների խորհրդում:

Համաշխարհային տնտեսության առաջ ծառացած ռիսկերի թվում Լագարդը թվել է զարգացող երկրներում դրամային քաղաքականության «տարաժամանակյա» կարգավորումը: Մասնավորապես, Դաշնային պահուստի տոկոսադրույքի բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ զարգացող երկրների եւ համաշխարհային ֆինանսական կայունության վրա:

Երկրորդ, զարգացող տնտեսությունները կարող են եռակի ցնցման ենթարկվել՝ կապված դոլարի թանկացման, աշխարհում տոկոսադրույքների ավելացման եւ կապիտալի հոսքերի ավելացող փոփոխականության հետ: Նավթի գների նվազումը խորացնում է ռիսկերը, քանի որ Վենեսուելայի, Նիգերիայի եւ Ռուսաստանի նման երկրները արժութային հսկայական ճնշումների կենթարկվեն, ասել է Լագարդը: «Հաշվի առնելով այդ տնտեսությունների ծավալները՝ վերջին դեպքերը կարող են տարածաշրջանի մասշտաբով զգալի հետեւանքներ ունենալ», - հավելել է նա:

Երրորդ՝ վտանգ կա, որ եվրագոտին եւ Ճապոնիան  տեւական ժամանակ «կմնան ցածր աճի եւ գնաճի աշխարհում», կարծում է ԱՄՀ-ի նախագահը:

Չորրորդ՝ կան աշխարհաքաղաքական վտանգներ: Մասնավորապես, ասել է Լագարդը, Ուկրաինայում ԱՄՀ-ի գործունեության աջակցության համար անհրաժեշտ է միջազգային լրացուցիչ օգնություն, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Լագարդը կարծում է, որ այդ կապակցությամբ կարեւոր է խթանող դրամավարկային քաղաքականության պահպանումը: Ընդ որում՝ երկրները պետք է արագացնեն կառուցողական բարեփոխումները, այդ թվում՝ աշխատաշուկայում,  եւ առանձին ապրանքների դեպքում աշխուժացնեն ենթակառուցվածքի արդիականացումը, վստահ է Լագարդը: Նավթ արտահանող երկրները պետք է նվազեցնեն  իրենց տնտեսությունների ցնցումները: