Օբնինսկ քաղաքում սառնամանիքին ստվարաթղթե տուփի մեջ թողնված ընկեցիկ երեխային փրկած անտուն կատուն դարձել է համաշխարհային լրատվամիջոցների հերոսը: Կենդանու խիզախությանն անդրադարձել են, մասնավորապես, The New York Post-ը, Washington Post-ը, Mirror-ը:

Ինչպես հայտնում է «Կալուժսկի պերեկրյոստոկը», երկամսյա երեխային գցել են բնակելի տան աղբատար խողովակի մոտ: Անհայտ անձինք երեխային դրել են ստվարաթղթե արկղի մեջ: Սիբիրյան ցեղատեսակի կատուն մի քանի ժամ շարունակ տաքացրել է փոքրիկին եւ նույնիսկ փորձել է մարդկանց ուշադրությունը գրավել մլավոցներով: Ի վերջո, նրա ջանքերը հաջողությամբ են պսակվել:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրան բացարձակ առողջ են ճանաչել:

Տան բնակիչները Մաշկա անունով կատվին պարգեւատրել են իր սիրելի քաղցրավենիքով: Բացի այդ, նրան պահելու ցանկություն են հայտնել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում, սակայն կատվի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: