Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծմամբ մեր շատ արտահանողների մոտ գործունեությունը զարգացնելու հույս է արթնացել: Դա հիմնականում կապում են ռուսական մեծ շուկայի հետ, որը հեշտությամբ է ընդունում մեր կոնյակի, թարմ մրգերի խմբաքանակները: Հիմա արդեն սրանց ավելանում են այլ ապրանքներ, մասնավորապես՝ տավարի միս:
Կոնյակի առումով ամեն ինչ հասկանալի է: Այն բավական թանկ է մեր շարքային սպառողի համար: Կոնյակը միջինը 4 անգամ թանկ է օղուց: Այդ պատճառով սպառողների լայն շրջանակը նախընտրում է հենց օղին: Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով, ազգային շուկայում ռեսուրսների ծավալներով (ներառյալ ներմուծումը) օղին 67 անգամ գերազանցել է կոնյակին:
Ընդ որում, տեղական վաճառքի համար նախատեսված օղու ռեսուրսների կեսից ավելին (շուրջ 53%) ձեւավորվել է ներմուծման հաշվին: Աբսուրդ է, որ ունենալով օղու հզոր արտադրություն, նման ծավալներով ներկրում են այդ խմիչքը: Տեղեկության համար. միայն հունվար-սեպտեմբերին Հայաստան ավելի քան 5.4 մլն լիտր օղի է ներմուծվել:
Հարց է առաջանում. ավելի հեշտ չէ՞ նույն տավարի մսի կամ մրգերի արտահանման փոխարեն կրճատել օղու ներմուծումը՝ այն հայրենական արտադրանքով փոխարինելու ճանապարհով: Սակայն տեղական օղին, ինչպես նախկինում, ակնհայտորեն զիջում է ներմուծվածի հետ մրցակցությունում:
Կոնյակի առումով պարզապես աներեւակայելի ցուցանիշներ ունենք. անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին արտադրանքի 99.4%-ն արտահանվել է: Ընդ որում, արտադրության եւ արտահանման հետագա ընդլայնման հնարավորություններն ամենեւին էլ սահմանափակ չեն: Չնայած մեր կոնյակի առաջատար ներկրողի մոտ տեղի ունեցող իրադարձությունները հուսադրող չեն. ռուսաստանցիների իրական վճարունակությունն ընկնում է:
Մի շարք մթերքների արտահանման ծավալների ավելացումը, այդ թվում՝ տավարի մսի եւ մրգերի, համապատասխանաբար կհանգեցնի տեղական շուկայում դրանց թանկացմանը: Չէ՞ որ այդ ապրանքների ռեսուրսներն ամենեւին էլ անսահմանափակ չեն, եւ արտահանումը պարզապես կբերի տեղական շուկա դրանց մատակարարումների կրճատմանը: Կասկածելի է նաեւ, որ ֆերմերները դրանից օգուտ կունենան նյութական առումով: Պարզապես գյուղացիները կազատվեն իրացման խնդրից: Այդ պատճառով նման «ներկրողներին» կարելի է միայն խորհուրդ տալ զբաղվել մեր տնտեսության համար ավելի օգտակար ծրագրերով:

























