Սանկտ Պետերբուրգում աշխատանքից հեռացրել են քաղաքի ճանապարհային ծառայություններում աշխատող գաստարբայտերների մեկ երրորդ մասին, հունվարի 16-ին ՌՍՆ-ին պատմել է Պետերբուրգի կենտրոնական շրջանի մագիստրալների կոմպլեքս մաքրման ճանապարհային պետական «Կենտրոն» ձեռնարկության ղեկավար Եվգենի Վիխնեւիչը։

Վիխնեւիչի խոսքով՝ միգրանտների զանգվածային կրճատման պատճառը ռուսական արժույթի փոխարժեքի նվազումն է եւ արտասահմանցիների համար աշխատանքի պատենտ ձեւակերպելու անհրաժեշտությունը։ Սակայն նա հույս ունի, որ միգրանտներին փոխարինող կգտնվի։

«Այժմ մեր երկրում լավագույն ժամանակները չեն, առեւտրային ձեռնարկությունները սնանկանում են։ Կգա այն օրը, երբ մեզ մոտ կգան նույնիսկ աղբահավաք աշխատելու համար», — հայտարարել է Վիխնեւիչը։ Ըստ նրա՝ ներկայումս պետերբուրգյան աղբահավաքի աշխատավարձը 30 հազար ռուբլի է։

 Դաշնային միգրացիոն ծառայության տվյալով՝ 2014թ, վերջին Ռուսաստանում  11 մլն աշխատանքային միգրանտ կար, եւս 4,5 մլն՝ ապօրինի աշխատող արտասահմանցի։