Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը շեշտակի աճել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչություններից հետո: Ըստ Ֆրանսիայի հանրային կարծիքի հարցման ինստիտուտի անցկացրած հարցման՝ պետության ղեկավարի վարկանիշը համաքաղաքացիների շրջանում կազմում է 40 %: Փաստորեն աճը կազմել է 20 տոկոս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 Պետք է հիշեցնել, որ ավելի վաղ Ֆրանսուա Օլանդն ուներ եւս մեկ ռեկորդ՝ միանգամայն հակառակ: Աշնանը նախագահի վարկանիշը հասել էր  13 տոկոսի, նման բան չէր եղել Հինգերորդ հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում:

Ավելին,  սփոփիչ չեն 2017 թ.  կանխատեսումները, երբ Ֆրանսիայում պետք է տեղի ունենան հերթական նախագաական ընտրությունները: Ֆրանսիացիների մեծամասնությունը հայտարարել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակի պահպանման եւ գործազրկության պայմաններում իրենք չեն ցանկանում, որպեսզի Օլանդը երկրորդ անգամ առաջադրի իր թեկնածությունը: 

Սակայն այժմ միտումը փոխվել է: Ազգը դժվար պահին համախմբվել է իր առաջնորդի շուրջ, նշում են ֆրանսիացի դիտորդները:  Դա վերաբերում է նաեւ վարչապետին. ահաբեկչություններից հետո լուրջ աճել է վարչապետ Մանյուել Վալսի վարկանիշը, որի գործողություններին ներկայումս հավանություն է տալիս ֆրանսիացիների շուրջ 60 տոկոսը: