Ֆեյբուք սոցկայքում բազմաթիվ բողոքներից հետո Aldi առեւտրային կենտրոնում վաճառքից հանվել է պիտակի անկյունում մզկիթի պատկերով քսուք-օճառը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Մահմեդականները կարծում են, որ պիտակի վրա մզկիթի պատկերով «Ombia - 1001 գիշեր» օճառը վիրավորում է վերջիններիս կրոնական զգացմունքները:

«Գմբեթով եւ մինարեթներով մզկիթը այն տեսարանն է, որը պետք է արժանապատվության եւ հարգանքի զգացումներ առաջացնի: Հենց այդ պատճառով ես անտեղի եմ համարում այն ինչ-որ ապրանքի պիտակի վրա փակցնելու միտքը», - WAZ թերթը մեջբերում է օգտատերերից մեկի մեկնաբանությունը:

Բուռն քննարկումներից հետո առեւտրային ցանցի ղեկավարությունը օճառը վաճառքից հանելու որոշում է կայացրել: «Փաթեթի վրա պատկերը պետք է ընդգծեր բույրի արեւելյան ուղղվածությունը եւ բոլորովին միտք չուներ ինչ-որ կերպով վիրավորել մարդկանց կրոնական զգացմունքները», - Die Welt պարբերականը մեջբերում է խանութի հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: