Հայաստանի ԱԺ-ն հայտարարության կամ օրենքի տեսքով պետք է ցույց տա 1990թ. Բաքվի իրադարձությունների շուրջ իր դիրքորոշումը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ նման մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ Կիրովաբադի, Սումգայիթի եւ Ադրբեջանի ավելի քան 300 այլ բնակավայրերի իրադարձությունների շուրջ, որտեղ հայերի նկատմամբ հանցագործություններ են իրագործվել։ «Բաքվի ջարդերը նույնիսկ բարոյական հարթության վրա ադեկվատ արձագանքի չեն արժանացել։ 1990թ. հունվարի 13-19-ը, փաստացիորեն նախօրոք ծրագրված մի շարք գործողություններ են իրականացվել։ Ջարդերը շարունակվել են 7 օրվա ընթացքում», - նշել է Ալավերդյանը։

Սումգայիթի իրադարձությունների դեպքում գոնե ձեւական դատական գործընթացներ են եղել։ «Իսկ Բաքվի իրադարձությունների դեպքում ջարդարարները նույնիսկ դատարանի առաջ չեն կանգնել», - ամփոփել է Լարիսա Ալավերդյանը: