Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով հսկայական խմբաքանակով թմրանյութեր ներմուծելու համար մեղադրվող Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպանը մտադիր է բողոքարկել Սյւոնիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն:
«Մենք կբողոքարկենք դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում: Այդ գործը կքննվի որպես միջպետական, որովհետեւ նման անարդարությունն անթույլատրելի է»,-հայտարարել է փաստաբանը:
Մայսուրաձեն կարծիք է հայտնել, որ դատարանը անարդար որոշում կայացրել, որովհետեւ «իր պաշտպանյալի մեղավորության ոչ մի տարր չի ապացուցվել, ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում»:
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերի հերոին (մոտ 850 կգ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17, իսկ Օսման Ուղուրլունին՝ 19 տարվա ազատազրկման: Առգրավված թմրանյութը ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ,իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել,տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել,փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա ,այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:




























