Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորելը, աստվածանարգությունը եւ սադրիչ գործողությունները չպետք է անվանել խոսքի ազատություն, հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության գործակալությունը:
Ելույթ ունենալով Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի անդամների ժողովին՝ Ռոհանին խորը ափսոսանք է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումների կապակությամբ՝ ընդգծելով, որ հանուն խոսքի ազատության հրապարակված ծաղրանկարները փաստացիորեն վիրավորել են աշխարհի մահմեդականների կրոնական զգացմունքները:
Այնուամենայնիվ, Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կտրականապես քննադատում է Charlie Hebdo շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումը եւ կարծում է, որ նման գործողությունները ոչ մի ընդհանրություն չունեն ոչ իսլամի եւ ոչ էլ մահմեդականների:
Իրանի նախագահն անընդունելի է համարել հանուն կրոնի սպանություններն ու ահաբեկչական գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք սուրբ կրոնի դավաճանություն են:
Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակում էր կատարվել: Մի քանի օր անց Փարիզի արեւելքում իսլամիստ Ամեդի Կուլիբալին պատանդ էր վերցրել հրեական խանութի հաճախորդներին: Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 17 մարդ:




























