Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հունվարի 21-ին ընդունել է  երկրի հայ համայնքի ՀԿ-ների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման  առնչությամբ, հայտնում է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը:

Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է հայկական ծագում ունեցող քաղաքացիների ներդրումը երկրի զարգացման գործում եւ հիշեցրել, որ ազգը հպարտ է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով: Խոսելով այն պետությունների մասին, որոնք չեն ճանաչել այդ ոճրագործությունը, Մուխիկան հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «մեր խեղճ մարդկության չլուծված հարցերից մեկն է»:

Մուխիկան ընդունել է նաեւ հայ համայնքի հրավերը՝  անդամակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի աշխատանքներին եւ նշել, որ դա կանի 2015 թ. մարտի 1-ին իր պաշտոնը լքելուց հետո:

Իր որոշման պատճառով ծագած քննադատության  առիթով Մուխիկան հայտարարել է, որ «եթե որոշ թուրքեր նեղանում են, ապա մենք ոչինչ անել չենք կարող… նրանք պետք է հանդուրժողականություն եւ միմյանց հետ գոյակցել սովորեն»:

Նախագահ Խոսե Մուխիկայի կառավարման օրոք Ուրուգվայը եւ Հայաստանն ամրապնդել են իրենց բարեկամական կապերը: 2010-2015 թթ. Ուրուգվայն առաջ է մղել Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին օրենքը, ստեղծվել է նաեւ Ուրոգվայ-Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբ: