Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական պետություններին կոչ է արել միասնականորեն հանդես գալ ահաբեկչության եւ ռասիզմի դեմ պայքարում:

«Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, տարբեր երկրներում ենք ապրում եւ, հնարավոր է, տարբեր էթնիկ արմատներ ունենք: Բայց պետք է մեր միջեւ բոլոր տարբերությունները մի կողմ թողնենք՝ ահաբեկչության եւ ռասիզմի սպառնալիքի դեմ պայքարում: Երբ մահմեդական աշխարհը լուռ է եւ մասնատված, մյուսներն ահաբեկիչներ եւ ժամանակակից Լոուրենս Արաբացի են դառնում»,- ասել է Էրդողանը՝ չորեքշաբթի Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 10-րդ նստաշրջանին:

Թուրքիայի նախագահի խոսքով, մահմեդականներին եւ իսլամական պետություններին չի կարելի կապել ահաբեկչությունների հետ: Նա մահմեդական աշխարհին կոչ է արել «ինքնաքննադատությամբ» զբաղվել՝ իրենց առջեւ ծառացած խնդիրների լուծման համար ընդհանուր ուղի գտնելու համար: Այդ խնդիրների շարքում Էրդողանն առանձնացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը գրավել է Իրաքի եւ Սիրիայի տարածքների զգալի մասը՝ մինչեւ թուրքական սահման, եւ «իսլամի պատրվակով մահմեդականների սպանություն» է իրականացնում:

«Օտարերկրացիները ժամանում են՝ գնդակոծելու եւ սպանելու համար: Ինչո՞ւ ենք մենք խնդիրներն ուրիշներին թողնում՝ դրանք ինքներս լուծելու փոխարեն»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահ նաեւ քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որը, նրա խոսքով, որոշումներ է կայացնում մահմեդական աշխարհին վերաբերող հարցերի շուրջ՝ իսլամական պետություն չունենալով Խորհրդի մշտական անդամների շարքում: