Ռուս պատգամավորները վաղը՝ հունվարի 22-ին, Հայաստան կժամանեն՝ ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության առիթով ցավակցություն հայտնելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նախնական տվյալներով՝ Հայաստան կժամանեն Պետդումայի պատգամավորներ Միխայիլ Կրոտովը, Բորիս Ռեզնիկը, Իգոր Լեբեդեւը, Իրինա Ռոդնինան: Բաղդասարյանի կարծիքով՝ հավանաբար, բացի ցավակցություններից, նրանք այլ ասելիք եւս ունեն: «Վերջին օրերի ընթացքում մարդիկ բազմաթիվ անգամներ ցանկություն է հայտնել գալ եւ անձնապես ցավակցություն հայտնել», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ սա ինքնաբուխ այց է, որի օրակարգը դեռեւս որոշված չէ:

Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:

Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել: