Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցային գործընթացն է: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահի հետ հունվարի 21-ին ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Հանդիպման ընթացքում կանցլերը Իլհամ Ալիեւին նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը՝ իբրեւ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվել է հարգել իր երկրում մարդու իրավունքները, ինչպես նաեւ խստորեն քննադատել է Ադրբեջանում մամուլի ազատության հանդեպ իրականացվող ոտնձգությունները:

Մերկելի դիտողություններին ի պատասխան՝ Ալիեւը անընդունելի է համարել նման մեղադրանքները՝  նշելով,թե իր պետությունը «երաշխավորում է իր քաղաքացիների խոսքի ազատությունը, եւ ոչ ոք այնտեղ իշխանություններին քննադատելու համար հալածանքների չի ենթարկվում»:

Ալիեւն անդրադարձել է նաեւ Գերմանիայի հետ տնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ բարձր է գնահատում համագործակցությունը Գերմանիայի հետ: Մերկելն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնել Ադրբեջանի հետ հետագա տնտեսական հարաբերությունները՝ նշելով, որ Ադրբեջանը գործընկեր պետություն է, որի նշանակությունը Գերմանիայի համար գնալով առավել կարեւոր է դառնում՝ ռուսական գազի այլընտրանքի պարագայում: