Առաջիկայում հայ-թուրքական սահմանը չի բացվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, ոչինչ չի կանխորոշում զարգացումների նման ընթացք:

«Ես չեմ տեսնում նման գործընթաց կամ նման իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել հայ-թուրքական սահմանի բացման»,- հայտնել է փորձագետը: Նրա խոսքով, Թուրքիայի ներքաղաքական դաշտը, հայ-թուրքական հարաբերությունների մասին կառավարող վերնախավի պատկերացումները, նրանց մոտեցումները թույլ չեն տալիս այլ բան ենթադրել:

Մեկնաբանելով թուրքական մամուլում վերջին շրջանում հաճախակիացած ակնարկները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման վերաբերյալ, Մեհրաբյանը անվստահություն է արտահայտել՝ դրանք փորձնական քայլեր անվանելով: «Յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան ասել: Այսօր քաղաքագետների, գործիչների, փորձագետների մի ամբողջ բույլ կա, եւ նրանցից ամեն մեկը մի բան է ասում: Նույնը կարելի է ասել ԶԼՄ-ների մասին, եւ մի մոռացեք, որ դրանք թուրքական ԶԼՄ-ներ են: Այդ քայլով նրանք ստուգում են արձագանքը»:

«Հայաստանը եւ Թուրքիան կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց ավելիի մասին խոսելու հիմքեր դեռ չկան»,- ընդգծել է Մեհրաբյանը:

Քաղաքագետի կարծիքով, Թուրքիայի ձգտումը՝ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում առաջատար դիրքեր ձեռք բերելու, չի ազդում այդ ուղղությամբ նրա արտաքին քաղաքականության վրա: «Թուրքիան, անխոս, ցանկանում է դառնալ «արաբական փողոցի ամենաուժեղ տղան», սակայն դա քիչ է վերաբերում Հայաստանին: Հարկավոր է հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը չի մտնում անգամ թուրքական օրակարգի առաջին տասնյակի մեջ»,- ասել է փորձագետն ու հավելել. «Բայց չեմ էլ հավատում, որ արաբական աշխարհը կընդունի Թուրքիայի հեղինակությունը: Դա չլինող բան է»: