Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում:

«Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ըստ Աբրահամյանի՝ Հայաստանը, մեծապես արժեւորելով իր այս նախաձեռնությանը միջազգային մակարդակով ցուցաբերած միջնորդությունը եւ ձգտելով պահպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, պատրաստակամ է իր տրամաբանական ավարտին հասցնելու այս գործընթացը, եթե Թուրքիայի կողմից դրսեւորվի քաղաքական կամք եւ դրական քայլեր նկատվեն այդ ուղղությամբ: «Հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ արձանագրություններից բխող իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը` Հայաստանի Հանրապետությունն անմիջապես ներառեց սույն փաստաթղթերի վավերացման գործընթացը Ազգային ժողովի օրակարգում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի նման կառուցողական դիրքորոշումը»,- նկատել է Աբրահամյանն ու հավելել. «Ցավոք, Թուրքիան ավելի քան մեկ տարի ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս գործընթացում, այլ հակառակը, սկսեց  առաջ քաշել նախապայմաններ, ինչը որեւէ առնչություն չունի արձանագրություններում ամրագրված դրույթների հետ: Հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը»:

Աբրահամյանի համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության ամրապնդմանը, ուստի նա դիմել է հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետեւողական կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման գործում: