Սաուդյան Արաբիայում բժշկական հանձնաժողովը, հետազոտելով բլոգեր Ռաիֆ Բադավիի վիճակը, որը դատապարտվել էր մտրակի հազար հարվածի՝ իսլամը վիրավորելու համար, առաջարկել է իշխանություններին ձեռնպահ մնալ դատավճռի իրականացումից: Այս մասին հաղորդում է Amnesty International-ը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորի աշխատակազմը Բադավիի գործն ուղարկել էր Գերագույն դատարան՝ կրկնակի քննության: Հունվարի 16-ին դատավճռի իրականացումը հետաձգվել էր բլոգերի ոչ բավարար առողջական վիճակի պատճառով:

Հունվարի 9-ին Բադավին մտրակի 50 հարված էր ստացել: Դատավճռի համաձայն, բլոգերին պետք է մտրակեն շաբաթը մեկ անգամ, մինչեւ լրանա հազար մտրակի հարվածը:

Բացի մտրակելուց եւ ազատազրկումից դատարանը որոշել է, որ Ռաիֆ Բադավին պետք է մեկ մլն սաուդյան ռիալ (մոտ 266 հազար դոլար) տուգանք վճարի:

Բադավիի նկատմամբ դատավճիռը կայացվել է նախորդ տարվա մայիսին: Նա ներկայումս արգելված «Լիբերալ սաուդյան ցանց» կայքի հիմնադիրն է:

Իր բլոգում նա քննարկում էր կրոնի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ քննադատության ենթարկում երկրի բարձրաստիճան հոգեւորականությանը: Նա նաեւ կոչ էր անում ազատ արձակել քաղաքական ակտիվիստներին: