Հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությունները մանիպուլյացիաներ են ու քաղաքական տրյուկներ՝ այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, թե Թուրքիան ցանկութուն չունի ներկայումս բացել սահմանը: Ինչ վերաբերում է շուրջ մեկ տարվա վաղեմություն ունեցող հայ-թուրքական գործընթացի հետագա ընթացին, ապա, ըստ Մինասյանի, եթե Թուրքիան շարունակի նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի իշխանությունների հետ, ապա Հայաստանը պետք է որոշում կայացնի ետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից ու դուրս գա գործընթացից: ՀՀԿ-ական պատգամավորն այս համատեքստում հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Երեւանում արած հայտարարությունն այն մասին, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է: «Եթե Թուրքիան լուրջ է վերաբերվում այդ գնդակին, ապա պետք է փոխի իր վարքագիծն ու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի առանց նախապայմանների»,-նշեց Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, որ եթե Թուրքիան իրապես անկեղծորեն ցանկանում է նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա Հայաստանը միշտ պատրաստ է դրան:

Հիշեցնենք, որ  մոտ մեկուկես շաբաթ առաջ Կարսի նահանգապետը հայտարարել էր, որ իրենց հարցում է եկել Թուրքիայի ԱԳՆ-ից այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացման որոշման դեպքում որքան ժամանակ ու գումար  կպահանջվի՝ սահմանի ենթակառուցվածքները կարգի բերելու համար: