Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանին «Արթիկի» ՔԿՀ-ից հունվարի 27-ին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի փաստաբանը՝ Լիանա Բալյանը: Նա այնտեղ կանցնի դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, որը կտեւի 24 օր: Փորձաքննության արդյունքում կպարզվի՝ Մանվել Վարդանյանը դեպքի ժամանակ եղել է մեղսունակ, թե ոչ: Փաստաբանն ասաց, որ առայժմ գործի շրջանակներում նորություն չկա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:





























