NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում նյույորքյան գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Քրիստոֆեր Ադամյանի՝ «The Huffington Post»-ի բլոգում հրապարակված հոդվածը:

Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած չորրորդ երկիրը: Քիչ հայտնի այս միավորը Վլադիմիր Պուտինի պատասխանն է Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ի ընկալվող ներխուժմանը, չնայած դեռեւս 1994 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախապես առաջադրում էր առեւտրային բլոկի գաղափարը, որը կմիավորի Արեւելյան Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա ձգվող պետություններին:

Շուրջ 200 մլն ընդհանուր բնակչությամբ եւ ավելի քան 4 տրլն դոլարի չափով ՀՆԱ-ով ԵՏՄ-ն կատակ չէ: Եվրասիական խմբից (ԵՏՄ-ի հետ առնչություն չունի) Յան Բրեմերը միությունը դիտարկում է հեռանկարում. «ԵՏՄ-ի չափերն անհանգստության հիմնական պատճառը չէ, այլ, թերեւս այն, թե ինչ է նա բացահայտում Վլադիմիր Պուտինի եւ տարածաշրջանում գերիշխանությունը պահպանելու նրա ծրագրերի մասին: Ահա թե ինչու նա կդիմի ծայրահեղ միջոցների, որպեսզի Ուկրաինային հետ պահի արեւմտյան կառույցներին անդամակցությունից, ինչպիսիք են Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն: Նա չի ցանկանում զիջել ազդեցության այդ ոլորտը, իսկ Ուկրաինան մարգարիտ է: Կենսունակ, հուսալի Եվրասիական միությունն առանց Ուկրաինայի անհնար է»:

Հայաստանը, որը, ինչպես բոլորն ասում էին, հավանաբար կնախընտրեր պրոգրեսիվ արեւմտյան դաշինքի մաս կազմել, միությանն անդամակցեց Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշման արդյունքում: Դա ոչ մեծ կովկասյան հանրապետությունն առեւտրի եւ ռազմական աջակցության տեսանկյունից այնքան է կախված Ռուսաստանից, որ նրան հաճախ անվանում են ռուսական արբանյակ, որը, թվում է, Ռուսաստանի զիջում է նույնիսկ իրավական վեճերում, երբ դրանք տեղի են ունենում իր իսկ տարածքում:

Զակ Վիտլինը՝ նույնպես Եվրասիական խմբից, կարծում է, որ ԵՏՄ-ն իր մաքսային եւ աշխատանքային նպատակների շրջանակից դուրս չի գա, քանի որ «միակ անդամը, որը կախված չէ Ռուսաստանի առատաձեռնությունից, Ղազախստանն է»: «Սակայն ղազախները, որոնց արդեն անհանգստացնում են բլոկի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերը, ստիպված են իրենց տնտեսական ռիսկերի ենթարկել Ռուսաստանի հետ ավելի սերտ միությամբ: Նավթի ցածր գներն ու ռուբլու անկումը նրանք մղում են ավելի քիչ ինտեգրման, այլ ոչ թե հակառակը»,- նշել է նա:

Բացի այս ծրագրերից, ընդլայնումը ներառում է նաեւ ավելի լայն ձգտումներ, այն է՝ Ռուսաստանի միավորել չինական եւ ասիական շուկաների հետ՝ ամեն ինչից զատ բարելավելով ենթակառուցվածքներն ու տրանսպորտային երթուղիները: Յան Բրեմերը բացատրում է. «Որքան Ռուսաստանն Ուկրաինայի հետ կապված ավելի շատ հեռանա Արեւմուտքից, այնքան ավելի շատ հույս կդնի Ասիայի, մասնավորապես՝ Չինաստանի վրա»: Դա հավակնոտ ավանտյուրա է, բայց ով գիտի Վլադիմիր Պուտինին, գիտի, որ նա չափազանց հավակնոտ է: