Ֆրանսիացի խորհրդարանական, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի անդամ Ժան Մարկ Ժերմենն «Ամեն ինչ այնքան լավ էր սկսվում. մի ապստամբության պատմություն» վերնագրով իր գրքում անդրադարձել է նաեւ Արցախ կատարած այցին: Գիրքը հրատարակվել է հունվարին, 2014 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտ եւ Ադրբեջանի հետ շփման գիծ կատարած այցից հետո:
Ժան Մարկ Ժերմենը պատմել է ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղ ուղեւորության մասին, որի ընթացքում նրան ուղեկցել են սենատորներ Ալեն Ներին եւ Ժան Բիզեն: «Չնայած թռիչքն անվտանգ չէր, նորմալ անցավ: Երկու ամիս անց ադրբեջանական զինված ուժերը կործանեցին հայկական ուղղաթիռը»,- գրում է պատգամավորը:
Խորհրդարանականն ընթերցողին է ներկայացնում ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետություն հռչակված Լեռնային Ղարաբաղի պատմությունը: «Չնայած հրադադարի հաստատմանը՝ սահմանին պարբերաբար կրակոցներ են հնչում, երբեմն մարդիկ են զոհվում»,- գրում է ֆրանսիացի պատգամավորը:
«Ահա եւ շփման գիծը: 5 մետր բարձրությամբ պատը փակում է հորիզոնը: Մեքենան կանգ է առնում, պաշտպանական միջոցներ են բաժանում: Ողջունում ենք զինվորներին: Նրանցից շատերը շատ երիտասարդ են,- պատմում է Ժան Մարկ Ժերմենը:- Ես արդեն եղել եմ պատերազմի հետեւանքներ կրող քաղաքներում: Հիրոսիմայում, որի կենտրոնը երբեք չի վերականգնվի, որպեսզի մարդիկ տեսնեն այն ամբողջ սարսափները, որը բերում է ատոմային ռումբը: Սարաեւոյում, որտեղ տների պատերին դեռեւս ռումբերի հետքեր են: Դրախտային Ֆիլիպինները, որտեղ ճանապարհներին անցագրային կետեր են: Բայց ես երբեք նախկինում չէի եղել ռազմական գործողությունների թատերաբեմում: Տարօրինակ զգացողություն է»:
«Մենք զինվորներին հարցնում ենք, թե ինչ են մտածում հակառակորդի մասին: Ասում են՝ նրանց իրենց պես երիտասարդներ են համարում. յուրաքանչյուրն իր պարտքն է կատարում»,- ամփոփել է ֆրանսիացի խորհրդարանականը:





























