Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար մեղադրվող՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ըստ մեղադրանքի, պետությանը պարտք է մոտ 500 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին Հակոբ Հակոբյանը դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով հարկային ակտերը:
«Եթե անձը կամավոր վճարում է հարկերը, ապա քրեական պատասխանատվությունից ազատվում է, սակայն իմ պաշտպանյալի համար սա սկզբունքային հարց է, ասում է՝ եթե մեղավոր եմ, թող դատարանը պարզի ու պատժի: Բայց դեռ դատը չկայացած՝ Հակոբյանին կալանավորում են: Ըստ ֆինանսների նախարարության՝ գործարարը պետությանը պարտք է մոտ 500 մլն դրամ, որից միայն 423 մլն դրամը՝ «Ուրախ տխուր» ՍՊԸ-ի համար»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ձեռնարկությունների մի մասն էլ Հակոբյանի անվամբ չէ, սակայն ինքն ընդունում է, որ իրական սեփականատերն է:
Նշենք, որ Հակոբյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու մեջ, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:



























