NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում հոգեւորական Ալեքսանդր Լյուսի-Սմիթի՝ բրիտանական կաթոլիկ ազդեցիկ «Catholic Herald» պարբերականում հրապարակված հոդվածը:
Երեքշաբթի մենք տոնեցինք Սուրբ Բլեյզի օրը: Նա այն սրբերից է, որոնց մասին քիչ բան գիտենք, չնայած նա հայտնի կուռք է եղել: Վաղ քրիստոնեական շրջանի բազմաթիվ մարտիրոսների նման, մահից դարեր անց սկսեցին նրա մասին առասպելներ հյուսել, որոնք պատմական արժեք չեն ներկայացնում: Սակայն մենք կարող ենք վստահ լինել, որ Բլեյզը հոգեւորական եւ մարտիրոս է եղել եւ ապրել է մի բնակավայրում, որը հիմա Թուրքիայում կոչվում է Սվազ, եւ որն այն տարիներին հայերը կոչում էին Սեբաստիա:
Ժամանակին Հայաստանը շատ ավելի մեծ տարածք է ունեցել, քան զբաղեցնում էր նախկին խորհրդային Հայաստանը Հարավային Կովկասում: Եթե հայացք նետենք ժամանակակից քարտեզի վրա, կարող ենք տեսնել, որ Սվազը գտնվում է ժամանակակից Թուրքիայի կենտրոնում, սակայն դեռեւս 100 տարի առաջ այդ քաղաքը ծաղկուն քրիստոնյա բնակչություն ուներ՝ կազմված հայերից եւ հույներից:
Այնուհետեւ հասավ ճակատագրական օրը՝ 1915 թվականի ապրիլի 24-ը: Հենց այդ օրը Օսմանյան կայսրության կառավարությունը սկսեց ձերբակալել եւ տեղահանել հայերին, որոնք անհիշելի ժամանակներից ապրում էին Անատոլիայում:
Ձերբակալությունների, տեղահանության, զանգվածային սպանդի այդ կազմակերպված արշավը հանգեցրել 1-1.5 մլն հայերի ոչնչացման:
Հենց դա է պատճառը, որ այսօր Թուրքիայում կարելի է բազմաթիվ հայկական պատմական հուշարձաններ գտնել, սակայն հայեր այնտեղ փաստացի չեն ապրում, իսկ եթե կան էլ, ապա շատ քիչ են:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում՝ բացի Թուրքիայից: Մեծ Բրիտանիայում ձգտում են խուսափել հիշատակել Ցեղասպանության մասին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չվտանգելու համար: Մեղմ ասած՝ ցավալի է, քանի որ ծանր է տեսնել, թե ինչպես ցանկացած ազգ՝ լինենք մենք կամ թուրքերը, կարող է ծաղկել, երբ մենք ժխտում ենք իրականությունը:
Սուրբ Բլեյզը հայկական միակ սուրբն է, որը ներառվել է ունիվերսալ օրացույցում: Նա իր մշակույթի միակ ներկայացուցիչն է, բայց ինչպիսի մշակույթի… Ազգը, որի ներկայացուցիչն է Սուրբ Բլեյզը, աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդն է, որը 301 թվականին քրիստոնեություն է ընդունել Գրիգոր Լուսավորչի գործունեության շնորհիվ:
Ավելին, հնարավոր է, որ Հայաստանն ավելի շատ նահատակ է ունեցել, քան որեւէ այլ երկիր՝ հաշվի առնելով, որ Ցեղասպանության զոհերին սպանել են նրանց հավատի հանդեպ ատելությունից ելնելով:
Այսօր մենք մտահոգված ենք ԻԼԻՊ-ի դաժանությամբ, ուրեմն եկեք չմոռանանք 100 տարի առաջ ապրած հայերի մասին:
Հարկ է հիշել Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որ նա ասել է 1939 թվականի օգոստոսին. «Մեր ուժն արագությունն ու դաժանությունն է: Չինգիզխանը միլիոնավոր կանանց եւ երեխաների սպանեց: Պատմությունը նրա մեջ միայն պետության հզորագույն հիմնադիր է տեսնում: Արեւմտաեվրոպական թույլ քաղաքակրթությունն ի՞նչ կասի իմ մասին՝ կարեւոր չէ: Ես հրաման եմ տվել եւ կգնդակահարեմ ցանկացածին, ով քննդատական որեւէ խոսք կարտաբերի: Այս պատերազմի նպատակն աշխարհագրական որոշակի սահմանների հասնելը չէ, այլ թշնամիների ֆիզիկական ոչնչացումը:
Այդպիսով, ես արեւելք կուղարկեմ իմ «Մեռած գլուխ» դիվիզիաները, որպեսզի դաժանաբար ոչնչացնեն ազգությամբ լեհ կամ լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց եւ երեխաներին: Միայն այդպես մենք կարող ենք ունենալ մեզ անհրաժեշտ կենսական տարածությունը:
Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածների մասին»:
Եվ, իսկապես, ո՞վ: Ահա թե ինչու մենք պետք է այս տարվա ապրիլին խոսենք Հայաստանի եւ Ցեղասպանության զոհերի մասին: Հենց հիմա ձեր օրագրում նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը:





























