Ադրբեջանի հերթական դիվերսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին նորից են վիրահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Ողնաշարի վիրահատությունից հետո զինծառայողի լյարդը անհանգիստ էր, լեղիի արտահոսք կար, այդ պատճառով որոշում է կայացվել վիրահատել լյարդը եւ կրծքավանդակը:
Արամ Ասատուրյանն ասաց, որ Հովհաննես Ավանեսյանն այժմ գտնվում է հետվիրահատական վիճակում, վիրահատությունը բարեհաջող է անցել ժամանակ է պետք, որ վիճակը կայունանա: Զինծառայողի մոտ գիտակցություն առկա է, առաջիկայում նրան կնստացնեն:
Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին Բերդի հիվանդանոցում վիրահատել էին, այնուհետեւ տեղափոխել Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ:
Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:





























