Իրավական պետությունում բոլորն անշեղ կատարում են օրենքը՝ անկախ զբաղեցրած պաշտոններից եւ կոչումներից: Ձգտելով այդ բարձր կոչմանը՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, միշտ չեն հետեւում Օրենսդրությանն ու իրավունքներին:

Հունվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ստիպված էր պատասխանել Գյումրիում Ավետիսյանների սպանության հետ կապված հարցերի: Հասկանալի է, որ այս ընթացքում հնարավոր է չտիրապետել զգացմունքներին, սակայն անընդունելի է ոստիկանական բարձր պաշտոն զբաղեցնող անձի զգացմունքային մեկնաբանությունները:

Պատասխանելով դաժան սպանությունը կատարած Վալերի Պերմյակովի անձի մասին հարցին՝ Հունան Պողոսյանն օգտագործում է արտահայտություն, որը հեռու է կոռեկտ լինելուց, ինչպես նաեւ խախտում է անմեղության կանխավարկածը:

«Խղճուկ վիժվածք է, տականք, ստահակ, ոչնչություն»,- հայտարարել է փոխոստիկանապետը՝ նշելով, որ անձնական կարծիքն է հայտնում:

Մինչդեռ գեներալ-լեյտենանտն իր անձնական կարծիքը կարող է հայտնել տանը, ոչ թե ոստիկանության մամուլի սրահում: Այսպիսով, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը, չսպասելով դատավճռին, անձամբ է վերջակետ դնում քննությանը:

Սրա հետ կապված NEWS.am-ի թղթակիցը հարցում էր ուղարկել ոստիկանության լրատվական ծառայությանը: Այնտեղից, սակայն, ստացվել էր միայն մի հատված մամուլի ասուլիսից: