Թուրքիայի մարդու իրավունքների միության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել աշխարհի առաջնորդներին ապրիլի 24-ին չգալ Չանաքալե, այլ գնալ Երեւան:
Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մարդու իրավունքների միությունը, Իզմիրի ասորիների բարեկամության եւ մշակութային համերաշխության պլատֆորմը, Նոր Զարթոնք կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը եւ Զան սոցիալ-քաղաքական հետազոտությունների հիմնադրամը համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ քննադատել են Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը եւ ապրիլի 24-ը որպես Չանաքալեի ճակատամարտի օր նշելու նախաձեռնությունը:
Մասնակիցները համակարծիք են եղել, որ թուրքական իշխանությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցին ցանկանում են աշխարհի առաջնորդներին այլ տեղ տանել եւ մոռացության տալ Ցեղասպանությունը:Թուրքիայի մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշել է, թե Հայոց ցեղասպանության խորհրդանշական օր հանդիսացող ապրիլի 24-ին կեղծ հաղթանակի օր նշելը ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ վիրավորանք է:
Զան սոցիալ-քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Այհան Ըշըքը շեշտել է, որ պատմության հետ առերեսվելու փոխարեն աշխարհի առաջնորդներին ապրիլի 24-ին Չանաքալեի հրավիրելը Հայոց ցեղասպանության ժխտման շարունակությունն է, ցեղասպան մտածելակերպի շարունակությունն է:
Թուրքիայի մարդու իրավունքների միության անդամ, հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինը նշել է, որ իրենք 2005-ից տեղի ունեցածը հենց Ցեղասպանություն են անվանում եւ աշխարհի առաջնորդներին կոչ արել ապրիլի 24-ին չգալ Չանաքալե, այլ գնալ Երեւան:





























