ԱՄՆ-ը ձեռնարկել է Կուբային ահաբեկիչներին հովանավորող երկների սեւ ցուցակից հանելու գործընթացը՝ Հավանայում դեսպանատուն բացելու հնարավորություն ստանալու  համար, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ-ն ցանկանում է արդեն ապրիլին՝ նախքան Պանամայի տարածարջանային գագաթնաժողովի մեկնարկը,  լիիրավ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կուբայի մայրաքաղաքում։ Սակայն Հավանան հրաժարվում է բարձրացնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում է Վաշինգտոնի սեւ ցուցակում, ինչը բարդացնում է  նրա քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ-ն Կուբային ընդգրկել էր ահաբեկիչներին հովանավորող երկրների ցուցակում 1982 թ՝ մեղադրելով նրան Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ապստամբներին զինելու համար։ Կուբայից բացի, այդ ցուցակում են Իրանը, Սուդանը, Սիրիան։ Կուբայի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնի վրա պետդեպարտամենտն արդեն ցուցում է ստացել վերանայել Կուբայի կարգավիճակը։  Հետախուզական գերատեսչություններին հանձնարարել են համապատասխան նյութեր հավաքել մինչեւ մարտի սկիզբ։ Այն բանից  հետո, երբ Օբաման Կոնգրեսին զեկույց  կներկայացնի այն մասին, որ Կուբան վերջին 6 ամիսների ընթացքում աջակցություն չի ցուցաբերել ահաբեկիչներին, պետությունը դուրս կգա սեւ ցուցակից 45 օր անց։