Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին NEWS.am-ին ասաց Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Նա հայտնեց, որ դատական նիստի օրն առաջիկայում կնշանակվի:

Նշենք, որ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Գուլիեւին դատապարտել էր 22, իսկ Ասկերովին ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։