Ցանկալի կլիներ, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը կարողանայինք բարձրացնել մեր երկրների քաղաքական երկխոսության մակարդակին: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը:
Զրույցի ընթացքում դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի, եւ այսօր 500 000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչները գործունյա են, շատ լավ կազմակերպված եւ լիովին ինտեգրված ֆրանսիական իրականությանը: Նա փաստեց, որ Ֆրանսիայի գնահատանքը արտահայտվեց հայկական կազմակերպությունների ամենամյա հավաքին Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի մասնակցությամբ եւ այնտեղ հնչած նրա խոսքով: Հայկական համայնքը հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայող կարեւոր օղակ է:
Դեսպանը կարեւորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ համագործակցության հետագա խորացումը եւ այդ գործընթացում ֆրանսիայի հայկական համայնքի ներուժի արդյունավետ օգտագործումը:
Շնորհավորելով Ֆրանսիայի դեսպանին պաշտոնավարման առիթով` նախարար Հրանուշ Հակոբյանը ասաց. «Ուրախ եմ, որ Դուք կարեւորում եք տնտեսական համագործակցությունը, ցանկալի կլիներ, որ այն կարողանայինք բարձրացնել մեր երկրների քաղաքական երկխոսության մակարդակին:
Պատահական չէ, որ «Շարլի Էբդոյի» ողբերգությունը մեր ժողովուրդը համարեց իր ցավը: Այդ առիթով ես եւս իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Այդ կրակոցներն ուղղված էին ոչ միայն խոսքի ազատության, այլեւ մարդկության եւ բարձր ժողովրդավարության հասած ժողովրդի դեմ: Ակնհայտ է, որ այսօր ոչ մի երկիր ապահովագրված չէ նման ահաբեկչական գործողություններից: Մենք բոլորս միասնաբար պետք է պայքարենք այդ չարիքի դեմ: Ես առնչվում եմ աշխարհի 100 երկրի 7 մլն. հայության հետ: Պետք է ասեմ, որ ֆրանսիահայերն առանձնահատուկ հպարտությամբ են խոսում իրենց եւ՛ ազգային արմատի, եւ՛ Ֆրանսիայի քաղաքացի լինելու մասին, որը հրաշալի է բանաձեւել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը` ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ եւ 100 տոկոսով` հայ»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք տարվում են Ֆրանսիայի առեւտրաարդյունաբերական պալատների, մասնավորապես Մարսելի պալատի հետ: Նա կարեւորեց Հայ առեւտրաարդյունաբերական պալատների ցանցի (ՀԱՑ) գործունեությունը, որի մասնաճյուղերը տարածված են աշխարհի տարբեր երկրներում, եւ որի վերջին երկու համաժողովները կայացել են Փարիզում եւ Մարսելում, իսկ 2015թ. մայիսին համաժողովը կկայանա Երեւանում:
Նախարարը հույս հայտնեց, որ դեսպանը կմասնակցի համաժողովին եւ իր հեղինակավոր խոսքով կոգեւորի գործարարներին, որը կնպաստի ինչպես նոր ներդրումներ բերելու Հայաստան, այնպես էլ երկու պետությունների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ նախարարության համագործակցությանը եւ նշեց, որ ուսանողները կարող են իրենց պրակտիկան անցկացնել Սփյուռքի նախարարությունում` նպաստելով նախարարության կայքերի եւ էլեկտրոնային պարբերականի ֆրանսերեն տարբերակի ստեղծմանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Նա ներկայացրեց նաեւ Մարսելում Հայաստանի տարվա միջոցառումները:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն հայտնեց առանձնահատուկ ջերմ ընդունելության համար եւ իր գոհունակությունը հայտնեց հայ-ֆրանսիական գործարար կապերի եւ առեւտրատնտեսական հարաբերություննների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Վերջում նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը եւ աշխարհի տարբեր երկրներում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողների` «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» պատկերագիրքը:





























