Հայաստանի իշխանությունները, ապրիլի 24-ին ընդառաջ, հստակ ուղերձներ չեն հղել։ Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Դեռեւս ուշ չէ։ Մինչեւ ապրի 24-ը մենք բոլորին միավորող 1-2 համազգային ուղերձ պետք ունենանք։ Սակայն ապրիլի 24-ի 100-ամյակով գործը ոչ թե ավարտվում, այլ նոր միայն սկսվում է։ Կարեւոր է, թե մենք ինչ ենք անելու դրանից հետո, ինչ ենք պահանջելու համաշխարհային ասպարեզում, ինչ աջակցություն ենք խնդրելու մեր ընկերներից, այդ թվում՝ նրանցից, որոնք կընդունեն հրավերը եւ ապրիլին կժամանեն այդ միջոցառմանը։ Այս հարցերի պատասխանները, դժբախտաբար, ես հռչակագրում չտեսա»,- հայտարարել է Հակոբյանը։
Հռչակագիրը կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանությունը, ինչպե նաեւ ողջունում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության առաջատար զանգվածներին Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենալու համար։ Հռչակագիրը հույս է հայտնում, որ Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր հիմք կհանդիսանա հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման համար։





























