Բելառուսը հետաքրքրված է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ անմիջական երկխոսություն ծավալելու հարցում։ Այս մասին ասված է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ըստ մամուլի ծառայության տեղեկության՝ այս հայտարարությունը արվել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։

 «Գերմանացի գործարարների հետ ունեցած հանդիպման ընթացքում նշվել է Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջեւ ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում բելառուսական կողմի շահագրգռվածությունը, որը համագործակցության հեռանկարների հնարավորություն կտա»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որը ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից։ Հունվարի 2-ին ԵՏՄ-ին միացավ նաեւ Հայաստանը, իսկ մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցությունը։