Հայաստանի ներկա իշխանություններն ուզում են կենտրոնացնել երկրի բոլոր հարստությունները մի խումբ ընտրյալների ձեռքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ նման եզրակացության կարելի է հանգել «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծից, որը քննարկվեց ԱԺ վերջին նիտերում:
«Այդ օրինագիծը եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, ըստ էության, հարվածում են փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերին: Իշխանությունը, թվում է, ուզում է ոչնչացնել ՓՄՁ-ները եւ ստեղծել բոլոր պայմանները երկրի հարստությունը մի քանի մարդու ձեռքում կենտրոնացնելու համար»,-հավելել է Զուրաբյանը:
Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
Իսկ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով ծրագրվում է դրույքաչափը նվազեցնել 20-ից 2 տոկոսի, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից (105 մլն դոլար-խմբ.) ավելի են արտահանում։





























