Երեւանի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող՝ ինստիտուտի պետի տեղակալի որդի Գնել Թեւոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Արա Զաքարյանը:

«Գնել Թեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, մնացածի մասին այս պահին խոսել չեմ կարող՝ գործի առանձնահատկությունից եւ նախաքննական գաղտնիությունից ելնելով»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը առայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: