Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է, թե 1915-ին դաժան կոտորածներ եւ ողբերգություններ են եղել, որոնք ընդունելը օգտակար է թե թուրքերի, թե հայերի, թե նրանց սերունդների համար:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը ընդարձակ հարզազրույց է տվել թուրքական NTV-ին, որի ժամանակ պատասխանել է նաեւ լրագրողի հարցին՝ կապված 1915-ի 100-րդ տարելիցին ամերիկյան կողմի դիրքորոշման մասին:

Ամերիկացի դեսպանը նշել է, թե չի կարող մեկնաբանել, թե ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը ինչ արտահայտություն կընտրեն տեղի ունեցածը նկարագրելու համար՝ շեշտելով, որ կարող է ասել, որ այդ հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել:

«Ըստ մեր քաղաքականության՝ 1915-ին տեղի ունեցած սարսափելի կոտորածները եւ ողբերգությունները ճիշտ եւ արդար ձեւով ընդունելը օգտակար է թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքացիների, միեւնույն ժամանակ այն ժամանակահատվածում ողբերգություն վերապրածների սերունդների համար»,-ասել է նա:

ԱՄՆ դեսպանը, անդրադառնալով Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ուղարկված հրավերին, նշել է, թե «դեռ վաղ է խոսել, թե ԱՄՆ-ը ինչ պաշտոնական դեմքով կմասնակցի այդ միջոցառմանը»: