Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Երեմ Սարգսյանն է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ ինքը Արթուր Սաֆարյանի կնոջ ներկայացուցիչն է:
Փաստաբանը, սակայն, հրաժարվեց պատասխանել գործի քննության վերաբերյալ հարցերին: Հարցին, թե արդյոք գտնված են Արթուր Սաֆարյանի սպանությունը իրականացնողները, քանի որ մյուս կողմի փաստաբանները նշում են, որ հիմնավոր ապացույցներ չկան, մինչեւ այսօր գտնված չէ Մոսոյի դիակը, Երեմ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում անդրադառնալ գործի մանրամասներին, դատաքննության ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Այնպես չէ, որ ապացույցներ չկան, ավելի մանրամասն՝ դատաքննության փուլում»,-ասաց փաստաբանը: Իսկ թե այս ընթացքում ինչ գործողություններ է արվել տուժողների կողմից, այդ հարցին եւս նա չցանկացավ անդրադառնալ: Ո՞րն էր Թեւոսիկի եղբոր սպանության պատճառը, արդյոք քրեական հեղինակությունը կապ ունի դրա հետ, Երեմ Սարգսյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կստանանք դատաքննության փուլում: Դիտարկմանը, թե Թեւոսիկը ներկա է լինելու դատաքննությանը, փաստաբանն ասաց՝ չի հանդիպել նրա հետ, իր կապը Արթուր Սաֆարյանի կնոջ հետ է:
Նշենք, որ գործով առաջին նիստը նշանակված է փետրվարի 16-ին: Այն քննվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:Ըստ մեղադրական եզրակացության՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն եւ շականակագույն գլանաձեւ արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:





























