Հոլոքոստի եւ կրոնական փոքրամասնությունների Օսլոյի կենտրոնը մարտի 6-ին «Հայոց ցեղասպանությունն ու ժխտողական քաղաքականությունը» թեմայով միջազգային համաժողով է անցկացնելու:

Կենտրոնի www.hlsenteret.no պաշտոնական կայքի փոխանցմամբ, համաժողովին ելույթ է ունենալու թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը (ԱՄՆ, Քլարքի համալսարան)՝ «Հայոց ցեղասպանությունը եւ որոշումների ընդունման գործընթացի ռադիկալացման հարցը» զեկույցով:  

Միջազգային համաժողովին մասնակցելու են նաեւ Մաթիաս Բյերնլանդը (Դանիա)՝ «Հայոց ցեղասպանությունը՝ որպես սկանդինավյան պատմություն» զեկույցով, Սիգուրդ Սվերե Ստանգելանդը (Նորվեգիա)՝ «Հայոց ցեղասպանության ժամանակ գերմանական զինծառայողների ներգրավվածությունը փրկարարական գործողություններում» զեկույցով, Վահե Թաչջիյանը (Գերմանիա)՝ «Օրագրեր, հիշողություններ եւ գրքեր հիշողությունների մասին. Հայաստանի պատմության եւ Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության մասին անլռելի ձայներ» զեկույցով, ինչպես նաեւ եվրոպական հայտնի այլ գիտնականներ:

Նորվեգական մայրաքաղաքում նաեւ «Հայոց ցեղասպանության շուրջ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես է բացվելու: