NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է հայտնի լիբանանցի քաղաքական գործիչ Նայլի Թուենիի հոդվածը, որը հրապարակվել է «Al Arabiya News» կայքում:
Այս տարվա ապրիլին ողջ աշխարհի հայերը նշելու են ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն իրականացրել են թուրքերը հայ ժողովրդի նկատմամբ: Արդյունքում սպանվել են 1,5 մլն հայեր, եւս մի քանի մլն-ը դուրս են մղվել երկրից եւ ստիպված են եղել ապաստան գտնել այլ երկրներում: Նրանք ինտեգրվել են նոր հասարակություններում եւ դարձել դրանց տնտեսական ու սոցիալական կառուցվածքի ֆունդամենտալ մասը: Հայերի ներկայությունը Լիբանանում եւ Սիրիայում դրա վկայությունն է:
Հայ ժողովրդի խնդիրն այն է, որ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը եւ հրաժարվում է փոխհատուցել զոհերի սերունդների նյութական ու բայորական վնասները:
Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում: Այնուհետեւ թուրքերը զբաղեցրել են Կիլիկիան եւ Ալեքսանդրեթը՝ տարածքներ, որոնք նախկինում բնակեցված են եղել հայերով եւ պատկանել են Սիրիային:
Այդ իրադարձություններից անցել է 100 տարի, սակայն հակամարտությունը դեռ լուծված չէ: Տարածաշրջանում մարդիկ փոխանակ առաջ ընթանան մինչեւ այլ մարդկանց ընդունելու եւ մշակութային բազմազանությունը ճանաչելու փուլը, վերադարձել են 100 տարի առաջվան:
Մենք քննադատում ենք Իսրայելին՝ անարդար համարելով այդ պետության ստեղծումը տարածաշրջանում, սակայն այսօր որոշ արաբական երկրների գնում են Իսրայելի հետքերով՝ վերածվելով խմբերի ու կազմակերպությունների, որոնք խախտում են միջազգային օրենքները, ոչ հարգալից վերաբերմունք են դրսեւորում տարբեր կրոնների ու սոցիալական արժեքների նկատմամբ, մերժում են մշակութային բազմազանությունը:
Թուրքիան երկար տարիներ բարեհաջող զարգացրել է իր ռազմական արդյունաբերությունն ու տուրիզմը, սակայն Անկարան մինչ օրս չի ճանաչել հայոց կոտորածները:
Հնարավոր է՝ խոսակցությունն իմաստ չունի նման լարված պայքարում: Սարսափելի ճշմարտությունն այն է, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, սակայն մինչ օրս հնարավորություն չկա վերականգնել հայ ժողովրդի իրավունքները:





























