Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի՝ 8 ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դալլաքյանների հարազատները նշեցին, որ երեխայի վիճակն այս պահին կայուն է, վիրահատությունը, չնայած բարդությանը, անցել է նորմալ, այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեխայի մոտ վնասվել են զարկերակային անոթները, նրա վիճակը գնահատվում էր ծանր:
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն է։ Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:





























