Աշխատանք է տարվում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր փաստաթուղթը պատրաստելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայում ՌԴ, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների հանդիպումից հետո։
«Ներկայումս աշխատանք է տարվում մինսկյան պարտավորությունների հիման վրա հնարավոր համատեղ փաստաթուղթը պատրաստելու ուղղությամբ։ Փաստաթուղթ, որը կպարունակի Ուկրաինայի նախագահի առաջարկները, եւ Ռուսաստանի նախագահի՝ այսօր ձեւակերպված առաջարկները։ Որպեսզի այդ փաստաթուղթը, առաջարկները, բնականաբար, ներկայացվեն հակամարտության բոլոր կողմերին»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ այդ աշխատանքի արդյունքները կամփոփվեն կիրակի, «եռյակի» եւ Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցում։
Նշենք, որ Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որը տեւել է գրեթե հինգ ժամ։



























