Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են անցյալ տարվա դեկտեմբերին կործանված AirAsia ավիաընկերության ինքնաթիռի երկու օդաչուների մարմինները։

Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության տեղեկությունների համաձայն՝ մարմինները հայտնաբերվել են օդանավի խցիկում, ընդ որում՝ նրանցից մեկը՝ ղեկանիվի հետեւի նստատեղին։ Միաժամանակ, ինչպես նշում են մասնագետները, հայտնաբերված մարմինները չեն կարող հաստատել ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ անձնակազմի  ղեկավարը վթարից մի քանի րոպե առաջ լքել է իր տեղը, իսկ ինքնաթիռի կառավարումն իր վրա է վերցրել երկրորդ օդաչուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Որոնողափրկարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոլիսթին նախօրեին կրկին նշել է, որ ավիավթարի զոհերի որոնման աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հայտնաբերվել է 98 դի։ Նշենք, որ օդանավում եղել է 162 մարդ, որոնց թվում՝ անձնակազմի 7 անդամ։

Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկիերությանը պատկանող ինքնաթիռը դեկտեմբերի 28-ին դուրս էր եկել ինդոնեզական Սուրաբայ քաղաքից եւ ուղեւորվում էր դեոպի Սինգապուր։

Թռիչքից 30 րոպե անց օդաչուն դիսպետչերից այլ բարձրություն վերցնելու թույլտվություն էր խնդրել մոտեցող փոթորկի պատճառով, սակայն մերժում էր ստացել։ Դրանից քիչ անց օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից Կալիմանտան կղզու մոտակայքում։