Իրար ճանապարհ չզիջելու հետեւանքով վիճաբանության բռնված եւ կրակոցներ արձակած երիտասարդների առողջական վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից:
Նրանց փոխանցմամբ՝ երկու երիտասարդն էլ՝ Ռ.Սեդրակյանը եւ Ա.Էմբոյանը, երեկ անմիջապես վիրահատվել են, երկուսի մոտ էլ աղիքն է վնասվել: Գիշերը անջատել են արհեստական շնչառության ապարատը, բայց առողջական վիճակը դեռ ծանր է: Հիվանդանոցից հայտնեցին, որ երիտասարդներից մեկի աղիքից ընդամենը 90 սմ է մնացել, հեռացրել են: Վիճաբանած երկու երիտասարդներն էլ ամուսնացած չեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:50-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռ.Սեդրակյանը եւ Ա.Էմբոյանը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քանաքեռի 14 փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որի ժամանակ էլ, նախնական տեղեկություններով, նշված անձինք ստացել են հրազենային վնասներ:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ երկու երիտասարդներ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճել էին, ինչը վերաճել էր կռվի, հնչել էին կրակոցներ։ Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել եւ տեղափոխվել էին Միքայելյանի անվան հիվանդանոց։





























