Արգենտինացի ընդդիմադիրները ուրբաթ դատական հայց են ներկայացրել, որի համաձայն՝ երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները մեղադրվում է դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան գործի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։

Նախագահի աշխատակազմն արդեն կոչ է արել այդ հայտարարությունն իբրեւ կատակ ընդունել։

Դատախազը, որը վարում էր 1994թ. Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործը, մեղադրել էր երկրի նախագահ Քրիստինա դե Քիրշներին եւ ԱԳՆ ղեկավար Հեկտոր Թիմերմանին դավադրության մեջ, որը նպատակ է ունեցել անպատիժ թողնել պայթյունի մեջ մեղադրվող իրանցիներին։ Ավելի ուշ դատախազին սպանված էին գտել Բունեոս Այրեսի իր բնակարանում։ Այս պահին հետաքննությունը դեռ հստակ չի պարզել՝ կատարվածը սպանություն է, թե՞ ինքնասպանություն։

Նախագահի դեմ մեղադրանքը  ներկայացրել են պատգամավորներ Էլիզա Կարիոն եւ Ֆերնանդո Սանչեսը։ Նախագահից բացի, մեղադրանք է ներկայացվել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարին, գլխավոր շտաբի պետին եւ երկրի գլխավոր դատախազին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրանց մեղադրում են հետախուզական ապօրինի գործողությունների, դատական իշխանության աշխատանքին միջամտելու, անգործության, դավադրության եւ երկրի Սահմանադրության խախտման մեջ։

Դատախազ Նիսմանի մահը բողոքի ալիք առաջ բերեց Արգենտինայի հասարակությունում։ Քաղաքական եւ հասարակական գործիչները պահանջում էին հետաքննել նրա մահվան բոլոր մանրամասները։