Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նա նշեց, որ լրջագույն, ծանր եւ երարատեւ վիրահատություն է կատարվել, այժմ հիվանդի վիճակը կայուն ծանր է: Իսկ թե հետագայում ինչ հետք կթողնի այս միջադեպը երեխայի վրա, Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ որեւէ բան չեն կարող ասել:
Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արհեստական շնչառության ապարատը անջատել են: «Ահավոր ջնջխված վիճակ էր, վիրահատել ենք ոտքերը եւ մի ձեռքը»,-ասաց բժիշկը:
Ինչ վերաբերում է նռնակի պայթյունի հետեւանքով տուժած դայակին, ապա նրա առողջական վիճակը նորմալ է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բեկորները հեռացրել են, առողջական վիճակը նորմալ է: Այսօր նրան կտեղափոխեն Վիրաբուժական բաժանմունք:
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն է։ Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:





























