Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ հայտարարել է Dia Dia խանութների մասնավոր ցանցը պետության վերահսկողությանն անցնելու մասին: Երկրի ղեկավարը ցանցի սեփականատերերին մեղադրել է տնտեսական պատերազմ վարելու մեջ:

«Արդարացի գների հարցերի վարչությանը հրահանգել եմ անհապաղ վարչական եւ իրավաբանական գործընթացներ սկսել, որպեսզի խանութների այդ ցանցը ներառվի պետական Pdval ցանցում»,- Մադուրոյի խոսքերն է մեջբերում Noticias24 կայքը:

Չափազանցված գների դեմ պայքարի արշավը Վենեսուելայում սկսվել է 2013 թվականին: Dia Dia առեւտրի ցանցն առաջինն էր, որը տուժեց իշխանությունների գործողություններից: 2013-ի ամռանն առգրավվել է նաեւ Daka ցանցը, իսկ դրա ղեկավարությունը՝ ձերբակալվել:

Իշխանությունների տվյալներով, Daka-ում վաճառվող ապրանքների գները 1000%-ով գերազանցում էին ձեռքբերման գնից: Միաժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրի ներքին կանոնների համաձայն, ավելացված արժեքը չի կարող գերազանցել 30%-ը՝ առանց համապատասխան հիմնավորման: