Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանը գիտակցության է եկել, նույնիսկ խոսել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի տատիկը՝ Ելենա Լեբեդեւան:
«Արհեստական շնչառության ապարատն անջատված է, երեխան գիտակցության է եկել, խոսել է, ասեց՝ սոված եմ, ուտել եմ ուզում: Երեխան նույնիսկ թաթն է շարժել»,-պատմեց տիկին Ելենան:
Նրա խոսքով՝ նախօրդ օրվա 8 ժամ տեւած վիրահատությունից հետո երեխայի ոտքերից ու ձախ ձեռքից մոտ 100 բեկոր են հեռացրել. «Երեխայի փափուկ հյուսվածքներն ամբողջովին վնասվել են, անոթներն էլ են վնասվել, նոր անոթներ են տեղադրել, մի հարյուր հատ ասկոլկա են հանել երեխու մարմնից»:
Տիկին Ելենան ասաց, որ նռնակը պայթեցնելու կասկածանքով ձերբակալված Մելիք Գալստյանն իր խնամու քրոջ ամուսինն է, որին մինչեւ այդ ինքը մեկ անգամ է տեսել:
«Չեմ ճանաչել, որ իմանամ՝ ինչ մարդ է, բայց իրենց պատմելով, շատ հանգիստ մարդ է եղել, անգամ կինը չի նկատել նրա հոգեկան շեղումները: Կինը երբեք չի բողոքել ամուսնուց, զարմանալի է՝ դրա գլխում ինչ կպչուն մտքեր են առաջացել, ինչ խանդի տեսարան է պատկերացրել: Բայց կինը շատ բարոյական կին է, խելոք հանգիստ, չեմ պատկերացնում՝ ինչ կարող էր լինել»,-ասաց տիկին Ելենան:
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանն իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն։ Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:





























