ԱՄՆ եւ նրա դաշնակիցների ներխուժումն Իրաք սխալ էր եւ նպաստեց ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին հայտարարել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ժամանակին դեմ եմ հանդես եկել դրան եւ իմ մտոհոգություններն արդարացան: Այդ որոշումը խորացրեց իրավիճակը, իսկ Իրաքի անվտանգության ուժերի ցրումը առանց աշխատանքի է թողել դժգոհ զինծառայողներին ու ոստիկաններին»,-նշել է Անանը՝ ընդգծելով, որ նրանցից ոմանք հետագայում միացել են «Իսլամական պետությանը»:
Նրա կարծիքով, արագ ժողովրդավարություն ստեղծելու ձգտումը, առանց համապատասխան ինստիտուտների, հանգեցրել է կոռուպցիոն ռեժիմի: Քոֆի Անանը նաեւ հավելել է, որ իսլամական ահաբեկչությունը ոչնչացնում է բազմազանությունը եւ բազմակարծությունը Մերձավոր Արեւելքում:





























