Չինաստանում մահապատժի են ենթարկել միլիարդատեր Լյու Հանին, որին մեղավոր էին ճանաչել հանցագործ խմբավորում ձեւավորելու եւ մի շարք սպանություններ կազմակերպելու համար, գրում է South China Morning Post-ը։ Մահապատժի էին ենթարկվել 48-ամյա գործարարը, նրա կրտսեր եղբայրն ու հանցագործ խմբավորման եւս երեք անդամներ։

Հետաքննության տվյալներով՝ Լյու Հանը իր եղբոր հետ միասին 1993թ. կազմակերպել է հանցագործ խմբավորումը, որը իր գործունեությունն էր ծավալել  գերազանցապես Սիչուան նահանգում։  Խմբավորման անդամները իրենց հսկողության տակ էին վերցրել տեղի ձեռներեցների գործունեությունը։ Խմբավորման անդամները մեղադրվում են 9 սպանության մեջ։

Լյու Հանը խմբավորման 4 անդամների հետ մահապատժի էր դատապարտվել 2014թ. մայիսին։  Խմբավորման եւս 30 ներկայացուցիչներ տարբեր ժամկետներով  ազատազրկման են դատապարտվել։