Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե բացասաբար է նայում այն հանգամանքին, որ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանը ցանկանում է պատգամավոր դառնալ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Անդրադառնալով MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի հրաժարականին, Թուրքիայի նախագահը շեշտել է, թե նման հարցերում ինքն անկեղծ ու ուղիղ կխոսի՝ նշելով, որ բացասական է նայում այն հանգամանքին, որ Հաքան Ֆիդանը որոշել է առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու դառնալ։ «Ես իմ կարծիքը հայտնել եմ նաեւ վարչապետին, այդ ամենը նրա իրավասության տակ է։ Ես իրավունք չունեմ դրան խառնվեմ։ Ցանկացած պետական ծառայող, այդ թվում եւ MIT-ի ղեկավարը, կարող է նախատեսված կարգով հրաժարական տալ եւ առաջադրվել պատգամավորի թեկնածություն։ Այդ ամենն արգելող օրենք չկա»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ MIT-ի ղեկավարի հրաժարականը քննադատել էր նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը՝ շեշտելով, թե անիմաստ է նման «սուպեր» լիազորություններ ունեցող պաշտոնից հրաժարվել եւ դառնալ պատգամավորի թեկնածու։





























