Հանրապետական կուսակցությունը դատապարտում է ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա շեշտեց, որ իրենք խստագույնս դատապարատում են այդ բռնությունը, ինչպես ցանկացած բռնություն եւ անօրինական երեւույթ ՀՀ-ում: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց համար ընդունելի չէ բռունցքներով եւ բիլակներով հարցերի լուծումը: «Երկրորդ, միեւնույն ժամանակ հույս եմ հայտնում, որ իրավապահ մարմինները ամեն ինչ կանեն, որ բռնության մեղավորները հայտնաբերվեն եւ պատժվեն օրենքի խստությամբ: Երրորդ՝ հորդորում եմ իմ որոշ գործընկերներին էմոցիաների գիրկը չընկնել, չանել խիստ էմոցիոնալ, զգայական հայտարարություններ, որոնց համար հետագայում, երբ սառը դատեն, չզղջան եւ միգուցե նույնիսկ ամաչեն, ամեն ինչ պետք չէ սրացնել: Իհարկե, տեղի ունեցածը շատ դատապարատելի է, ընդունելի չէ եւ իրավապահ մարմինները պետք է կարողանան իրականացնել իրենց գործառույթները, բայց միեւնույն ժամանակ նմանատիպ խնդիրներին տալ խիստ էմոցիոնալ, իրականությունից հեռու գնահատական, մեղմ ասած, ճիշտ չէ: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին զերծ մնալ նման գործելաոճից, պետք չէ էմոցիաների գիրկը ընկնել, այլ պարզապես հետեւողական լինել, որ օրենքի խիստ խախտումը, դատապարտելի արարքը հայտնաբերվի»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները:



























