Նոր Նորքի 4-րդ զանգվածում, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին Գյուլիքեւխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս առթիվ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին Գյուլիքեխվյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետեւանքով նույն բնակարանի բնակչուհի, 47-ամյա Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» եւ վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք եւ մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է բջջային հեռախոս։ Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սրիկան է» , որից վերցվել են պատի քերուկներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։ 

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։